top of page

Մարմինը հիշողություն ունի. Ինչու ենք մենք իրականում արտասվում և ինչ է տեղի ունենում, երբ մեր զգացմունքները չենք արտահայտում

Արցունքները շատ ավելի խոր նշանակություն ունեն քան մենք սովորաբար կարծում ենք։ 


Արտասվելը բնավ թույլ լինելու նշան չէ։ Դա մարմնի խորին լեզուն է՝ մի լեզու, որը խոսում է այն պահերին, երբ բառերը քիչ են, իսկ զգացմունքը շատ։ Մարդու մարմինը խոսում է։ Այն ունի հիշողություն, բնազդ, իմաստություն։ Եվ երբ վերջապես սկսում ենք լսել նրա հուսահատ կանչին, տեղի է ունենում վերականգնում՝ ոչ թե միայն մեր հոգու, այլև ամբողջ համակարգի մակարդակով։


արի հասկանանք 


Մարմինը հիշողություն ունի


Մեր մարմինը իր մեջ պահում է այն բոլոր զգացմունքները, որոնք մենք երբևիցե զգացել ենք։ Երբ դու երբևէ չես արտահայտել վիշտդ, լքվածությունդ, հիասթափությունդ նույնիսկ, եթե մոռացել ես, թե ինչ է պատահել, այն դեռ պահվում է ներսումդ՝ որպես անհանգիստ էներգիա։


Ու եթե ժամանակին չես ազատվում դրանցից, դրանք կարող են վերածվել խրոնիկ հիվանդությունների, սոմատիկ ցավերի, անհանգստության և հոգնածության, որն անբացատրելի է անգամ բժշկության համար՝ հաճախ փորձելով «բուժել» դա դեղահաբերով։


Մեզ հաճախ սովորեցրել են չարտահայտվել, ուժեղ լինել, դիմադրել, բայց ճնշված զգացմունքները երբեվիցե չեն անհետանում։ Դրանք պարզապես գնում են դեպի ներս։


Մարմինը հիշողություն ունի


Երբ արտասվում ես, դու բառացիորեն ներգործում ես քո նյարդային համակարգի վրա։ Քո մարմինը սկսում է արտազատել օքսիտոցին և էնդոգեն օփիոիդներ՝ բնական ցավազրկողներ, որոնք հանգստացնում են և թուլացնում։


Արցունքները խթանում են պարասիմպաթիկ նյարդային համակարգը, որն ուղեղին տալիս է ազդանշան՝ «ապահով է, ոչ մի վտանգ չկա»։ Սրտի աշխատանքը դանդաղում է, մկանները թուլանում են, մարմինը վերադառնում է հոմեոստազի՝ ներքին հավասարակշռության վիճակին։ Միայն այս պահը ինքնին բուժող հատկություն ունի։ 


Սա նաև պատճառներից մեկն է, թե ինչու արտասվելուց հետո մարդիկ ասում են, որ ավելի լավ են իրենց զգում։


Մարդու արցունքները միկրոսկոպի տակ
Մարդու արցունքները միկրոսկոպի տակ

Հետազոտությունները ցույց են տվել, որ տարբեր տեսակի արցունքներ (օրինակ՝ ուրախության, ցավի, փոփոխության կամ նույնիսկ սոխից) միկրոսկոպի տակ ունեն տարբեր ձևեր։


Լացը բառացիորեն ունի «մատնահետքեր»։


Սա նշանակում է, որ յուրաքանչյուր էմոցիա իր ֆիզիկական հետքն է թողնում։


Մարմինը հիշում է։


Էներգիան ձև ստանում է։ Ու լացը դառնում է ուղիղ ապացույց՝ որ մեր զգացածը ոչ միայն իրական է, այլ նաև ունի տեսանելի արտահայտություն։






Ես երկար ժամանակ է, ինչ ուսումնասիրում եմ մարդու մարմինը, ուղեղի և ենթագիտակցության պահվածքը, ու դրա ազդեցությունը մեր կյանքի որակի վրա։ Ու յուրաքանչյուր անգամ համոզվում եմ, որ մենք շատ ենք հեռվացել մեր բնական բնազդներից ու  մոռացել ենք, թե ինչպես պետք է վստահենք մեր մարմնին։ 


Մեր մարմինը և դրա աշխատանքը այնքան կատարյալ է, որ ամեն բան հրաշալիորեն աշխատում է, եթե չմիջամտենք ու չխանգարենք։ Մենք չենք մտածում, թե ինչպես պետք է շնչեք կամ մարսենք մեր ուտելիքը, մեր մարմինը այն կատարում է կատարյալ ներդաշնակ ձևով։ 


Մարսողությունը, սրտի աշխատանքը, շնչառությունը, բջիջների վերականգնումը՝ այս ամենը կատարվում է մեր գիտակցական վերահսկողությունից դուրս, բայց այնուամենայնիվ՝ անսխալական համակարգով։ Մեր մարմինը գիտի՝ ինչպես ապրել, ինչպես պաշտպանվել, ինչպես վերականգնվել։

Մարմնի ինտելեկտը

Բայց մենք սովորել ենք կասկածել։


Սովորել ենք վերահսկել ամեն բան։


Ու այդ վերահսկման արդյունքում՝ մեր ներսում ծնվել է մշտական լարվածություն։


Մենք մոռացել ենք, որ մարմինն ինքնին ունի ինտելեկտ։


Արի նայենք բնության օրինակով։ 


Երբ մի եղջերու փրկվում է գիշատչի հարձակման փորձից, այն փրկվելուց հետո սկսում է ցնցել իր ամբողջ մարմինը։ Դա նյարդային համակարգի բնական մեխանիզմն է՝ դուրս հանել սթրեսի էներգիան։ Կենդանին երբեք չի պահում այդ սթրեսը իր մարմնի մեջ։ Այն շարժվում է, արտազատում է, դադարում է պայքարել։ Հետո շարունակվում է կյանքը, կարծես ոչինչ չի եղել։

Արտասվելու ուժը

Իսկ մարդիկ հակառակն են անում։ Սթրեսից հետո՝ լռում են։ Չեն շարժվում։ Չեն արտահայտվում։ Նրանք անցնում են հաջորդ գործին՝ կարծես ամեն բան «նորմալ» է։ Բայց այդ էներգիան դեռ նստած է մեր ներսում։


Երբ մենք լսում ենք մեր մարմնին՝ մենք մեզ թույտվություն ենք տալիս հանգստանալու, շարժվելու, ինչպես նաև արտասվելու։ 


Երբ մենք արտասվում ենք, դա օգնում է ազատվել որոշ էմոցիաներից ու դա մարմնի բնական պատասխանն է, այն արտազատում է սթրեսի հորմոնները (կորտիզոլը), բացի դրանից այն նաև ակտիվացնում է պարասիմպաթիկ նյարդային համակարգը։


Արտասվելիս մենք ստեղծում ենք նոր ասոցիացիաներ, օրինակ, որ մեր զգացմունքները զգալը ապահով է, մեզ վտանգ չի սպառնում  և պաշտպանվելու կարիք չունենք։   


Երբ արտասվում ենք, մեր մարմինը ոչ միայն ազատվում է կուտակված հուզական էներգիայից, այլ նաև նոր կապ է ստեղծում մեր ենթագիտակցության հետ։ Այն դադարեցնում է դիմադրությունը և պայքարը, և դու վերադառնում ես ներկա պահ։ 


Իսկ երբ մենք չենք լսում մեր մարմնին՝ մեր մարմինը սկսում է «խոսել»։


Նախ՝ հոգնածությամբ։


Հետո՝ անհանգստությամբ։


Ապա՝ ֆիզիկական ցավով։


Եվ վերջում՝ հիվանդությամբ։


Ու պատահական չէ որ հիվանդությունների 90% -ը գալիս են ոչ թե արտաքին պատճառներից, այլ ներքին, չազատված հուզական լարվածությունից։


Այլ կերպ ասած՝ շատ հիվանդություններ մեր ներսում պահված խոսքի, լացի, ցավի, հիշողության մարմնավորումն են։


Մարմինը չի ստում։ 


Այն միշտ փորձում է ասել՝ «դու արդեն չափից շատ ես պահել քո մեջ։»


Եվ հենց այդ պահերին, երբ մենք չենք արտասվում, չենք շարժվում, չենք թափ տալիս էներգիան, այն սկսում է ձևափոխվել՝ կորցրած ախորժակ, քնի խանգարումներ, գլխացավեր, ներքին սառեցում, իմունային համակարգի թուլացում... 


Մեր մարմինը հոգնել է լռելուց։


Արտասվելը դա էմոցիաներից ազատվելու մարմնի բնական, հզոր և խորը ձևերից մեկն է, բայց ոչ միակը։


Երբ մենք լաց ենք լինում, թույլ ենք տալիս ներսում պահված ցավին, վիշտին, տխրությանը կամ նույնիսկ ուրախությանը դուրս գալ՝ առանց դիմադրության։ Այն ուղղակիորեն ազդում է նյարդային համակարգի վրա, բաց թողնելով սթրեսային հորմոնները և մարմնին բերում բնականոն վիճակի։ 


Արտասվելը միայն մի օրինակ է, կան նաև այլ եղանակներ որոնց միջոցով մենք կարող ենք ազատվել ճնշված էմոցիաներից՝ 


  • Մարմնի ցնցում կամ շարժում

օրինակ, երբ մարմինը բառացիորեն թափ է տալիս սթրեսը։ Սա կարող է լինել դողալու, ցատկելու, վիբրացիոն շարժում անելու միջոցով՝ ինչպես վախից անում են վայրի կենդանիները  փրկվելուց հետո։

  • Ձայնային արտահայտում 

օրինակ՝ ուժեղ գոռոց, երգ, աղմկոտ արտաշնչում։ Երբեմն մարմինը ուզում է բառացիորեն «աղաղակել» իր մեջ պահածը։

  • Պար, սպորտ կամ ակտիվ քայլք 

 շարժումը թույլ է տալիս այդ էներգիային դուրս գալ

  • Խոր շնչառական պրակտիկաներ

ինչպես սրտառիթմ շնչառությունը կամ տրանսֆորմացիոն շնչառությունը, դրանք կարող են քանդել պահված էմոցիոնալ շերտերը։


Յուրաքանչյուր դեպքում միայն մեկ բան կա, որ բոլորին միավորում է՝

 

ՄԱՐՄԻՆԸ ՊԵՏՔ Է ՎՍՏԱՀԻ, ՈՐ ԱՊԱՀՈՎ Է։


Երբ մենք ստեղծում ենք այդ ապահով վիճակը՝ կլինի դա արտասվել կամ հուզական բեռից այլ միջոցներով ազատվել, մեր մարմինը վերջապես սկսում է շնչել։ 


Ու թե՛ լացը, թե՛ շարժումը, թե՛ այլ պրակտիկաները՝ բոլորն ուղղակի տարբեր լեզուներ են մարմնի նույն ձայնի համար, որն ասում է՝ 


«Ես պատրաստ եմ բաց թողնել։ Տես ինձ։ Զգա ինձ։ Ես գիտեմ՝ ինչպես ազատվել»։ 


Իսկ մենք պարզապես պետք է ուշադրություն դարձնենք մեր մարմնի կանչին։ 


Երբ լսում ենք մեր մարմնի ճիչը, երբ ընդունում ենք մեր էմոցիաները որպես բնական երևույթ և ոչ որպես թուլություն, այդ պահից սկսվում է վերամիավորումը՝ մարմնի, սրտի ու հոգու միջև։


Եվ այդ վերամիավորումն է, որ բերում է իրական ազատություն, առողջություն և կատարյալ երջանկություն։ 


Հեղինակ ՝

Մարիա Լեոնի


Այս հոդվածը հանդիսանում է  Mind Rise Hub -ի մտավոր սեփականությունը և տարածելիս անհրաժեշտ է նշել հեղինակին և հոդվածի աղբյուրը։

bottom of page